25/09/2014 09:58
ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում նոր, անսպասելի հարց է հայտնվել
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում մի նոր, անսպասելի հարց է հայտնվել. ըստ այդմ՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Կոսովոյի անկախությունը: Եթե նման բան տեղի ունենա, ՀՀ-ն կդառնա առաջին ոչ մերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Հայաստանը հետաքրքրվել է այս թեմայով. ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն:
«Վերջինիս կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը չափազանց անհավանական է թվում, որովհետև Կոսովոն մահմեդական երկիր է: Այսուհանդերձ, դիտորդները նկատում են, որ այս երկրի վրա չափազանց մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը, որն էլ դե ֆակտո նրա անկախության կնքահայրն է: Այս թեման զգայուն է նաև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։ ՌԴ-ն Կոսովոյի անկախությունը չի ճանաչել, բայց ժամանակին փորձել է Հայաստանին համոզել, որ վերջինս ճանաչի Աբխազիայի և Հրվ. Օսիայի անկախությունը։ ՀՀ-ն, սակայն, մերժելու անխոցելի փաստարկ է ունեցել. դա կնշանակի փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որը, ըստ էության, կյանքի ճանապարհ է Հայաստանի համար»,-հավելել է թերթը։