25/09/2014 17:19
«Նաիրիտը» մինչև տարեվերջ աշխատավարձ չի վճարի
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նախօրեին այցելել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ: Նախարարը շրջել է գործարանում և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին: Երվանդ Զախարյանը զրուցել է նաև գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը մտահոգված է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ շուրջ ծագած խնդիրներով՝ մասնավորապես աշխատավարձերի պարտքերի վճարման և գործարանի վերագործարկման հարցերով: Երվանդ Զախարյանն ասել է, որ այսօր արդեն միջոցառումներ են ձեռնարկվում այդ խնդիրներին լուծում տալու համար, սակայն որևէ ժամկետ նախարարը չի նշել:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկատվությանը, թե Երվանդ Զախարյանը խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի կուտակված ամբողջ պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել, ապա այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: