25/09/2014 16:21
Նելլի Դուրյան. Անչափահաս իրավախախտների թիվը աճել է
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 241 դեպք` այս տարվա 243 դեպքի դիմաց: Գողության դեպքերը նվազել են, անցած տարվա գրանցված 131 դեպքի փոխարեն գրանցվել է 116 դեպք: Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 11 դեպքով, ինչպես նաև այս տարի գրանցվել է ավազակային հարձակում կատարելու 2 դեպք, նախորդ տարվա 1 դեպքի դիմաց»,- ասաց նա:
Ն. Դուրյանը նշեց, որ մեզ մոտ անչափահաս դատապարտյալների թիվը քիչ է` 11 հոգի, քանի որ մնացած իրավախախտ անչափահասները իրենց պատիժը կրում են Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի կամ ոստիկանության հսկողության տակ:
Ներկայացնելով ընտանեկան բռնությունների վերաբերյալ վիճակագրությունը՝ Ն. Դուրյանը ասաց, որ Ոստիկանությունը նախագիծ է մշակում դրա վերաբերյալ, որը շուտով կներկայացվի Կառավարությանը:
«2013 թ. ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ իրականացված բռնության 2 054 դեպք, որից 580-ը ընտանեկան բռնության դեպք է, իսկ անչափահասների նկատմամբ արձանագրված 245 բռնության դեպքից 21-ը ընտանեկան բռնության դեպք է»,- ասաց նա:
2014 թ. 8 ամիսների ընթացքում, շարունակեց խոսքը Ն. Դուրյանը, կանանց նկատմամբ արձանագրվել է բռնության 1 501 դեպք, որից 374-ը ընտանեկան բռնության դեպք է, իսկ անչափահասների նկատմամբ արձանագրվել է 138 բռնության դեպք, որից 7-ը՝ ընտանեկան բռնության դեպք է եղե: