26/09/2014 17:33
Առևտրականների դժգոհության սուբյեկտիվ լինելու երեք պատճառ
Տոնավաճառների առևտրականների դժգոհությունը՝ մատակարարներից պարտադիր փաստաթուղթ ունենալու պահանջից, բացառապես սուբյեկտիվ է: Ինչո՞ւ: Առաջին պատճառը: Բոլոր առևտրականներն էլ գործընկերային հարաբերություններ ունեն մատակարար (խոշոր) ընկերության հետ և վերջինս է խնդրողի դերում, որ իր ապրանքը վաճառեն մանրածախ առևտրականները` լինի դա տոնավաճառում, թե առևտրի այլ օբյեկտներում:
Այսինքն՝ առևտրի ցանկացած մանրածախ կետ, այդ թվում տոնավաճառներում, ցանկության դեպքում կարող է մեծածախ մատակարարից պահանջել և ստանալ փաստաթուղթ մատակարարված ապրանքի համար: Եթե նման փաստաթուղթ զանգվածաբար պահանջվի, խոշոր ընկերություններին այլ բան չի մնա անել, քան տրամադրել այդ փաստաթուղթը, քանի որ հակառակ դեպքում իրենց ներմուծած ապրանքը ոչ ոք չի վաճառի: Բնականաբար, դարձյալ ամբողջությամբ փաստաթղթաշրջանառությունը չի բացահայտվի, ստվերը կմնա, բայց գոնե որոշ չափով կնվազի:
Հետևաբար, պատճառաբանությունը, թե խոշոր ընկերությունները իրենց փաստաթուղթ չեն տրամադրում, իրականում լուծելի է, ինչի մասին շատ լավ գիտեն առևտրով զբաղվողները: Այլ հարց է, որ դրա ցանկությունը չկա: Երկրորդ պատճառը, որը խոսում է առևտրականների դժգոհության սուբյկետիվության մասին, այն է, որ նրանք չեն ցանկանում հարկային ծառայությանը հայտնել այն մատակարարին, որը իրենց ապրանք չի տրամադրել:
Նման հնարավորություն իրենք ունեն, բայց դարձյալ չեն օգտվում դրանից: Նման հնարավորություն նրանք ունեին նաև պարզեցված շահութահարկի դաշտում գործելու ժամանակ, բայց դարձյալ որևէ մեկը չօգտվեց դրանից և չանվանեց իրեն մատակարարած ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրող որևէ ընկերության անվանում: Այսինքն` այստեղ նույնպես առկա է ցանկության բացակայությունը:
Երրորդ, շրջանառության հարկի նվազեցումը 3,5 տոկոսից մինչև 1 տոկոսի նշանակում է հարկային բեռի 3,5 անգամ թեթևացում: Սա նշանակում է, որ առևտրականները իրենց շրջանառությունը կարող են 3,5 անգամ ավելի ցույց տալ և շարունակել վճարել նույն հարկը կամ 2 անգամ ավելի ցույց տալով, վճարել ավելի քիչ, քանի 3,5 տոկոսի դեպքում ներկայացվող շրջանառության ժամանակ: Այսինքն, առնվազն մինչև 3,5 անգամ ավելի շրջանառություն ցույց տալու պարագայում տոնավաճառների առևտրականների համար հարկային բեռ չի ավելանում: Իրականության մեջ նրանք իրենց իրական շրջանառությունն այդ չափով չեն էլ բացահայտի, ինչը նշանակում է, որ նրանք այս փոփոխության դեպքում զգալիորեն ավելի քիչ հարկ են վճարելու` անգամ իրենց ստվերը 2-3 անգամ բացահայտելուց հետո:
Հետևաբար, որևէ խնդիր մատակարարից ապրանքի փաստաթուղթ պահանջելու և մինչև 2-3 անգամ ավելի ցույց տալու շրջանառություն ցույց տալու առումով նրանք չունեն: Այդ դեպքում, ինչու դա չեն անում?: Պատասխանը դարձյալ նույնն է` որովհետև չեն ցանկանում և վերջ: Ցանկության բացակայությունը երբ հիմնավորումներ չկան, ոչ այլ ինչ է, քան սուբյեկտիվ մոտեցում, ավելի պարզ ասած` չկամություն կամ կապրիզ: