27/09/2014 13:31
Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Այցի շրջանակներում Հունաստանի Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ Նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հունաստանի Նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով:
Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: