27/09/2014 10:25
Հայաստանում մեկնարկում է Եվրոպական ժառանգության օրեր միջոցառումների շարքը
Այսօր և վաղը Հայաստանում կանցկացվեն Եվրոպական ժառանգության օրերը` «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժևորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում: