29/09/2014 14:36
Երևանի կոնյակի գործարանը 33 հազար տոննա խաղող է մթերել
Երևանի կոնյակի գործարանը ավարտել է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Ընկերության Այգավանի (Արարատի մարզ) և Արմավիրի (Արմավիրի մարզ) մասնաճյուղերը միասին մթերել են իրենց նախատեսված ծավալների 100 տոկոսը` ավելի քան 33 հազ. տ խաղող: Մատակարարած խաղողի դիմաց ամբողջ գումարները փոխանցվել են գյուղացիների անձնական հաշիվներին:
ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Մասնաճյուղը կշարունակի խաղող ընդունել մինչև հոկտեմբերի 3-ը: Այստեղ ընկերությունը նախատեսում է մթերել ավելի քան 4 հազ. տ, ինչի արդյունքում ԵԿԳ-ն կամբողջացնի տարվա նախապես հայտարարած ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 37 հազ. տ խաղող, ինչը շուրջ 2 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի արձանագրած խաղողի մթերման աննախադեպ ծավալը:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 140 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն:
Հավելենք, որ Երևանի կոնյակի գործարանը մթերում է միայն Հայկական կոնյակի համար օրենսդրորեն սահմանված տեխնիկական սորտերի խաղող: