29/09/2014 11:28
Առևտրականները հավաքվել են ԱԺ-ի մոտ. «Ով ժողովրդի կողմից է՝ թո՛ղ իջնի»
Այսօր Ազգային Ժողովում մեկնարկում է հերթական քառօրյան: Վաղ առավոտից խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել առևտրականներն, ովքեր պահանջում են կասեցնել Շրջանառության հարկի մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը՝ նշելով, որ տեղում են նաև ՄԻՊ ներկայացուցիչները:
Լրագրողների հետ զրույցում առևտրականներից մեկն ասաց, որ իրենք այստեղ են եկել պատգամավորներից աջակցություն խնդրելու համար.
«Բոլոր նրանք, ովքեր ժողովրդի կողմից են, թո՛ղ իջնեն, մեզ լսեն, լսեն մեր պահանջը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս օրենքը զուտ փաստաթղթային չէ, այլ՝ ծառայում է այն ընդունողների շահերին:
Նշենք, որ այսօր առավոտյան Մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի շրջակայքում աշխատող առևտրականների և տարածքի սեփականատիրոջ միջև տեղի է ունեցել բախում: Բանն այն է, որ վերջինս թույլ չի տվել, որ աշխատողները մոտենան իրենց տաղավարներին:
Aysor.am-ի թղթակիցը նրանցից փորձեց պարզել տեղի ունեցածի մանրամասները, սակայն հավաքվածները հրաժարվեցին մեկնաբանել: Մեր թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես էին առևտրականները հեռախոսով վիճում ոմն Արմանի հետ, ով նրանց պատասխանում էր՝ «դուք գլխիս սարքում եք»:
Նախորդող հրապարակում՝ Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ. Առևտրականները բողոքում են