30/09/2014 15:52
Հայ և հույն գործարարները համագործակցության լայն շրջանակ ունեն
Այսօր տեղի է ունենում հայ և հույն գործարարների հանդիպում-համաժողովը, որի ընթացքում նախատեսված են երկկողմ գործարար պայմանավորվածություններ և առաջարկություններ ներկայացնել:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ հայ և հույն գործարարները կարող են համագործակցել գյուղմթերքի վերամշակման, տեքստիլի և այլ ոլորտներում: Նա նշեց, որ Հայաստանի հետ համագործակցության միջոցով Հունաստանը կարող է դուրս գալ նաև ռուսական շուկա:
Ըստ նրա՝ պետք է միայն ցանկություն լինի համագործակցության համար: Ներկայումս Հունաստանը Հայաստանին նայում է որպես համագործակցության հարմար երկիր, իսկ մինչ այդ որպես փոքր երկիր առանձնապես մեծ չէր համագործակցության ցանկությունը, սակայն հունական տնետսական ճգնաժամից հետո իրավիճակն ու մոտեցումները փոխվել են:
Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ այսօր արդեն իսկ հայ և հույն գործարարները երկկողմ հանդիպումներ են անցկացրել և նոր նախաձեռնությունների հույս կա:
Նա ևս շեշտեց Մաքսային միության և ԱՊՀ երկրների շուկաներում Հայաստանի միջոցով հունական ապրանքների մուտքի հնարավորությունները:
Ներկայիս առևտրաշրջանառությունը երկու կողմերի համար էլ բավարար չէ, հատկապես Հայաստանի համար, քանի որ հիմնականում Հայաստանը ապրանքներ է ներմուծում, քան արտահանում: