30/09/2014 14:55
Հայ և հույն գործարարները կարող են փոխշահավետ համագործակցել
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ Երևանում մեկնարկեց Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը, որն անց է կացվում Հունաստանի նախագահի` Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Գործարար համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, նա անդրադարձավ հայ-հունական առևտրատնտեսական կապերին, նշելով, որ համաժողովը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց ներդրումային, գործարար առաջարկները, կնպաստի երկու երկրների միջև նոր կապերի ստեղծմանը, փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ռոբերտ Հարությունյանը նաև հաղորդեց, որ Հայաստան են այցելել շուրջ 16 հունական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և սարքավորումներ, մետալուրգիա, անշարժ գույք, հեռահաղորդակցություն, հագուստ, գյուղատնտեսություն, բժշկական զբոսաշրջություն, տուրիստական ծառայություններ:
Նա նաև նշեց, որ Հունաստանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել Մաքսային միության և ԱՊՀ շուկաներ և հայկական կողմը պատրաստ է այդ հարցերը քննարկել և համագործակցել հույն գործարարների հետ:
Նշենք, որ 2013թ-ին Հայստանի և Հունաստանի առևտրաշրջանառության ծավալները կազմել է 22 մլն դոլար, որտեղ ՀՀ-ից արտահանումը գրեթե չնչին տոկոս է կազմում, իսկ Հունաստանից ներմուծվում է ցիտրուսային պտուղներ, ալյումինե փայլաթիթեղ, ծխախոտ, սիգար: Հայաստանում ներկայումս հունական կապիտալով գործող շուրջ 10 ընկերություն կա: