30/09/2014 10:50
Թուրք գործարարը բիզնես է սկսել Հայաստանում. Այնտեղ անհավատալի փողեր կան
Համաշխարհային բանկի հետ համատեղ Աֆրիկայում խոշոր շինարարական նախագծեր իրականացրած թուրքական հայտնի «Օզթյուրքլեր հոլդինգը» Հայաստանում նույնպես գործունեություն է ծավալում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հոլդինգի գործադիր խորհրդի նախագահ Յուսուֆ Օզթյուրքը թուրքական «Սաբահ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ հետագայում նախատեսում է շինարարական ոլորտում ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում:
«Հիմա Երևանում սկսել ենք բնակելի շենքի շինարարություն: Այնտեղ գործարարությամբ զբաղվող առաջին թուրքն եմ: Փոքր երկիր է, բայց անհավատալի փողեր կան այնտեղ»:
«Սաբահը» տեղեկացնում է, որ թուրքական նշյալ ընկերությունը ծրագրել է քաղաքատիպ ավան կառուցել իսլամական սրբավայր Մեքքայի հարևանությամբ: Այն գլխավոր սրբատեղի Քաաբայից կլինի ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և որպես բնակատեղի կկարողանա ծառայել ավելի քան 100.000 մարդու:
Այն հիմնականում ուղղված է` սպասարկելու ամեն տարի Ինդոնեզիայից ահռելի քանակությամբ իսլամական ուխտավորների կարիքները: