01/10/2014 15:33
Պատգամավոր. Գյումրեցիները ևս, հավանաբար, կգան ԱԺ՝ բողոքի ցույց անելու
«Շրջանառության հարկի մասին» օրենքը կրքերը թեժացրել է ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլև՝ Գյումրի քաղաքում: Այս օրերին Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրում ակտիվացել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ևս իրենց բողոքն են արտահայտում օրենքի հետ կապված:
Հիշեցնենք, որ այսօրվանից օրենքն ուժի մեջ է մտնում, որը դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով խնդրին, ասաց, որ ինքը հենց երեկ է հանդիպել Գյումրիում մի շարք առևտրականների հետ, ովքեր ներկայացրել են իրենց փաստերը, որ օրենքը հակասում է գործող նորմերին:
«Հենց այդ փաստարկները քիչ առաջ ներկայացրեցի նաև խորհրդակցությանը, որպեսզի ներկայացնեմ նաև Կառավարությանը»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` ինքն այսօր անձամբ հանդիպել է նրանց հետ, լսել նրանց մտահոգությունները և խոստացել, որ ամեն ինչ անելու է, որպեսզի օրենքը կասեցվի:
Հարցին, թե այսօր գյումրեցիներ գալո՞ւ են ԱԺ, պատգամավորը պատասխանեց, որ հավանաբար կլինեն: «Գյումրիում չեմ հանդիպել, և դժվար էլ ստացվի գնալս, բայց տեղյակ եմ, որ ուզում են մասնակցել բողոքի ակցիային»,- ասաց Հ. Մարգարյանը:
Պատգամավորը տեղեկացեց, որ առևտրականների դժգոհությունները հիմնականում կապված են հագուստեղենի վաճառքի հետ, որը մաքսազերծվում է հատուկ կազմակերպությունների կողմից: «Սա բավականին կարևորագույն խնդիր է, որը պետք է անշուշտ լուծում ստանա: Եվ անպայման պետք է քննարկենք այս հարցը»,-ասաց նա:
Դիտարկմանը`այս օրենքն արդեն մեկ անգամ քննարկվել է, ՕԵԿ-ն ո՞ւր էր, պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ը միշտ էլ քննարկումներին մասնակցել է: «Եվ մենք առաջարկել ենք հրատապ օրենքը կասեցնել: Սա վտանգավոր է փոքր ու միջին բիզնեսի համար: Մենք առաջարկել ենք նաև լրացուցիչ պայմաններ չպահանջել: Եվ այսօր էլ ասում ենք, որ այն սահմանումը որը տվել են, արդարացված չէ»,- հավելեց Հ. Մարգարյանը` նշելով, որ ՕԵԿ-ը շահագրգռված է այս հարցով. «Մեր մոտեցումներ շատ պարզ են և մենք ասել ենք արդեն այդ մասին»:
Նախորդող հրապարակում՝ Շրջանառության հարկ. Պատգամավորները սպասում են Կառավարության հետ հանդիպմանը