01/10/2014 11:20
Վարչապետի մրցանակներն՝ ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու և հայրենիք» խորագիրը և նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության կապերի հետ վարչությունից:
Ողջույնի խոսքում երկրի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2008 թվականից ի վեր` Հայաստանից, Արցախից և Ջավախքից փառատոնին մասնակից աշակերտների թիվը 3 հազարից այսօր արդեն հասել է 200 հազարի:
«Մենք փորձելու ենք ավելի զարգացնել այս ժողովրդական միջոցառումը և, ընդլայնելով աշխարհագրությունը, ներգրավել նաև սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ասմունքի փառատոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ գործում ունեցած կարևոր վաստակի համար:
Վարչապետը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Գրան պրի» մրցանակին, 11-14 և 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականներին և փառատոնի ամենակրտսեր մասնակցին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով և խրախուսական մրցանակներով: Լավագույնը ճանաչված մյուս աշակերտները ևս արժանացել են խրախուսական մրցանակների:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը և Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով, իսկ ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով: