01/10/2014 14:36
Շրջանառության հարկ. Պատգամավորները սպասում են Կառավարության հետ հանդիպմանը
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հրատապ խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոչ իշխանական բոլոր ուժերից` ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները:
Հանդիպման հիմանական թեման «Շրջանառության հարկի մասին օրենքի» հետ կապված մանրամասներն էին:
Խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց՝ որոշում է կայացվել, որ այսօր` մինչև Կառավարության հետ հարցուպատասխանը, հանդիպում կկազմակերպվի նաև Կառավարության համապատասխան մարմինների հետ, որտեղ կքննարկվեն օրենքի հետ կապված մանրամասներ:
«Այսօր կհաստակեցվեն որոշակի սկզբունքային մոտեցումներ: Պարզ է, որ կան լուծումներ, որոնց պետք է հրատապ կարգավորումներ տալ: Ասենք օրինակ` չանցնել ավելացված արժեքի հարկի դաշտ, կամ` փաստաթուղթ չլինելու դեպքում պետք է չանցնի որոշակի տոկոսի տիրույթը: Մեր դիրքորոշումները խոշորոցված կներկայացվեն, իսկ հետագան կորոշվի աշխատանքային կարգով»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ այս պահին սպասում են Կառավարության հետ հանդիպմանը:
Պատգամավորը ասաց, որ մինչև Կառավարության հետ չլինի հանդիպում, հետագա անելիքների հետ կապված հստակ որևէ բան այս պահի դրությամբ ասել չեն կարող: Պատգամավորը կարևորեց հատկապես այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց միասնական դիրքորոշումներն ու մտահոգությունները: «Բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում և քաղաքական մեծամասնությունը, գտնում են, որ իսկապես կա խնդիր, որը լուծման անրաժեշտություն ունի: Այնպես, որ եկեք սպասենք Կառավարության հետ մեր հանդիպմանը»,- հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ իր հերթին հավելեց, որ Կառավարությունն այսօր պատրաստվում է հարցուպատասխանի ժամանակ ինչ-ինչ փաստարկներ ներկայացնել, սակայն քաղաքական ուժերը դեմ են դրան: «Մենք ներկայացրեցինք, որ դա լուրջ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, քանի որ Գյումրիում հասարակական լուրջ շարժումներ են ի հայտ եկել, որոնք պատրաստվում են ժամը 16-ին հավաքվել ԱԺ-ի մոտ: Բացի այս` հայտնել ենք, որ բոլոր քաղաքական ուժերը ուզում են կրկին արտահերթ նիստ հրավիրել: Այսինքն` մեծամասնությունը նույնպես տեղյակ է, որ լուրջ զարգացումները չեն բացառվում: Ելնելով դրանից` մենք Կառավարությանն առաջարկեցինք գալ և լսել խնդիրները: Մենք վստահ ենք և հանոզված մեր դիրքորոշման վրա և փորձելու ենք գոնե սկզբունքային որոշումներ կայացնել: Մանրամասները կարող է լինեն վաղը»,- հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչ հույսեր եք կապում կամ հավատո՞ւմ եք քաղաքական մեծամասնությանը, պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ամեն ինչ կախված է այդ հանդիպումից:
«Մենք արդեն ասել ենք, որ քաղաքական ուժերը որևէ քաղաքական դիվիդենտ չեն ակնկալում: Կան հազարավոր առևտրականներ, ովքեր խնդրին լուծում են պահանջում: Մենք հակված ենք այդ մարդկանց օգնել: Մենք պահանջում ենք հստակ պատասխաններ: Այս հարցում մենք մեր խղճի առաջ մաքուր ենք և հրատապ լուծում ենք պահանջում»,- նշեց պատգամավորը:
Հավատո՞ւմ են, թե՞ ոչ` պատգամավորը մեջբերեց հայտնի արտահայտությունը, քաղաքականությունը հնարավորի արվեստ է: «Մենք պետք է աշխատենք և մեր քաղաքական զինանոցը հարուստ է տարբեր գործիքներով: Մենք մեզ համարում ենք քիչ թե շատ քաղաքականության մեջ գտնվող մարդիկ»,- հավելեց Միքայել Մելքումյանը: