01/10/2014 13:32
Գալուստ Սահակյանն ընդունեց ընդդիմության առաջարկը. Ընդմիջմանը կհանդիպեն
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ գնալով կրքերը թեժանում են: Վարման կարգով խոսքի իրավունք ստանալով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով դարձյալ առաջարկեց խմբակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպել ԱԺ նախագահի մոտ և հարցը քննարկել:
Պատգամավորի համոզմամբ` սա այն հարցն է, որ չպետք է քաղաքականացնել, իսկ հազարավոր մարդիկ այս պահին սպասում են քաղաքական ուժերի պատասխանին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ առաջարկեց հայտարարել ընմիջում և խորհրդակցություն հրավիրել, իսկ եթե ոչ, ապա իրենք նորից ստորագրահավաք կիրականացնեն և ԱԺ արտահերթ նիստ կհրավիրեն:
Արամ Մանուկյանին արձագանքեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Շատ հետաքրքիր քառյակ- եռյակ է դարձել: Երկու օր առաջ այդ առաջարկությունը մենք արեցինք, գնացիք մտածելու, մեկը եկավ ասեց համաձայն է, մյուսը համաձայն չէր, նախաձեռնությունը մենք էին անում, դուք գնացիք այլ ճանապարհով, հիմա մեր փոխարեն դուք եք առաջարկում հա՞: Ինչ պատահեց, որ հիմա դուք եք որոշում, պարզապես երևի ցանկություն կա ինչ-որ լարումներ մտցնել և լավամարդիկ լինեք: Խնդրեմ, համեցեք խնդիր կա եկեք քննարկենք»,- նկատողություն արեց պատգամավորն, և դա այն դեպքում, երբ երկու օր անընդմեջ ՀՀԿ-ն բոյկոտում է հրավիրված արտահերթ նիստերը:
Իսկ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ասաց, թե պատրաստ է հարցը քննարկել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Երեկ երբ մենք հանդիպեցինք միտինգավորների հետ, նրանք հայտնեցին, որ վարչապետն է ուղղորդել իրենց ԱԺ: Պարոն Սահակյան , մենք դիմում ենք Ձեզ, որ ԱԺ հեղինակությունը բարձր պահենք, հավաքվեինք, արտահերթ նիստ նախաձեռնեցինք, գայինք բաց քննարկեինք, որպեսզի ժողովրիդին չուղղորդենք կառավարություն, ինչը ես արդեն արեցի: Եթե ոչ, ես կարծում եմ, որ այս նիստերը ավելորդ են, ինչի մասին է խոսքը… Ամենահրատապն այն է, որ հազարավոր մարդիկ ճաղերից այն կողմ սպասում են մեզ»-, հայտարարեց Հ. Բիշարյանը:
ԱԺ նախագահն էլ իր հերթին հավելեց, թե արդեն բոլոր ելույթները, կարծես թե, կրկնվում են: Վեջինս առաջարկեց ընդմիջմանը հավաքվել և հարցը քննարկել:
Նախորդող հրապարակում՝ Սեյրան Սարոյան. «Կակ ռազ» սաղս նստած ենք, բերեք տղամարդավարի քվեարկենք