02/10/2014 11:20
ԵԽ Մարդու իրավունքների հարցերով տնօրեն. Հայաստանը պատրաստ է բարեփոխումներին
Եվրամիությունը, Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի համաձայն, շարունակում է Հայաստանի հետ ակտիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև արդարադատության և այս համագործակցության շրջանակներում էլ այսօր տրվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
Նրա խոսքով՝ այս ծրագրի ռազմավարական նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ամրապնդելու արդարադատության համակարգի անկախությունը և պրոֆեսիոնալիզմը:
Այն նպաստելու է ՀՀ դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ու ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 670 000 եվրո:
ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսն ասաց, որ ԵԽ-ն շատ է կարևորում դատական համակարգի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը, և բազմաթիվ ստանդարտներ է մշակել այդ ոլորտում, իսկ Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտի բարեփոխումներին: