02/10/2014 10:46
ՀՀ Նախագահի աշխատակազմը համալիրին կամ որևէ այլ կազմակերպության պարտք չունի
Aysor.am-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀ Նախագահի աշխատակազմը, իր պարտավորությունների շրջանակում, պետական միջոցառումների դիմաց չվճարված պարտքեր ունի, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին, ինչի մասին մամուլում շահարկումներ եղան, ՀՀ Նախագահի աշխատակազմից պատասխանեցին.
«ՀՀ Նախագահի աշխատակազմը ոչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին և ոչ էլ որևէ այլ կազմակերպության միջոցառումների դիմաց չվճարված որևէ պարտք չունի: Մամուլում եղած շահարկումները վերաբերում են մարզահամերգային համալիրում կայացած՝ ՀՀ նորընտիր Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը, որը ՀՀ Սահմանադրության համաձայն տեղի է ունենում, ՀՀ ազգային ժողովի հատուկ նիստում:
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության «Մշակութային կենտրոն» և «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշմամբ գնորդը՝ «ԲԱՄՕ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, պարտավոր էր իր կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանմամբ առևտրային կազմակերպության հիմնադրումից հետո ստանձնած պարտավորությունների շրջանակում մարզահամերգային համալիրի վերակառուցումից հետո 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության հայտով համապետական նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման անվճար կազմակերպումը:
Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից մեզ տեղեկացրել են, որ համալիրի գնորդը պայմանագրային պարտավորությունների ստանձնումից հետո համապետական միջոցառումների անվճար կազմակերպման համար յուրաքանչյուր տարի ընդամենը 2 կամ 3 հայտ է ստացել: 2013թ. ՀՀ Նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը և Անկախության օրվա ընդունելությունը մեզ հայտնի երկու միջոցառումներն են եղել:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի մատուցած այլ ծառայությունների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչությունը համալիրի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի հիման վրա 2013 թ. ամբողջ ծավալով վճարել է»: