03/10/2014 18:50
Վարչապետն աշխատանքային այցով այցելել է Վայոց Ձորի մարզ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը:
Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի արտադրող երկիր և «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում:
Ուշադրության կենտրոնում պահելով արտադրանքի որակը՝ ընկերությունը ծրագրում է տարեցտարի ավելացնել արտահանման ծավալը: Արտահանման շուկան հիմնականում եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Այսօր արտահանման ծավալը կազմում է տարեկան 40-50 հազար շիշ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 100 հազարի: Վարչապետը կարևորել է ծրագրի շարունակական իրականացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել այդ գործընթացին:
«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:
Ռինդեցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ, համայնքի պատվավոր քաղաքացի Հովիկ Աբրահամյանին՝ գյուղի զարգացման տարբեր ծրագրերին աջակցելու համար: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի օժանդակությամբ համայնքում կառուցվել է 2 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ, շահագործման է հանձնվել Մոմիկասար գյուղատեղի խմելու ջրի արտաքին ցանցը, հիմնովին վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցի 2650 մ երկարությամբ հատվածը:
Կառավարությունն աջակցություն է ցուցաբերել համայնքի գյուղացիական տնտեսություններին նաև գյուղմթերքների իրացման և բնական աղետների հետևանքների հաղթահարման հարցում: 2015 թ. նախատեսվում է վերանորոգել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի մնացած հատվածը, իրականացնել կոյուղագծի, արոտավայրերի բարելավման, ինչպես նաև ոռոգման նոր ջրագծերի կառուցման աշխատանքներ, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա համայնքի հողերի գրեթե 80 տոկոսը: