06/10/2014 19:01
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», - ասել է նախարար Նալբանդյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։
Նախարար Նալբանդյանը և հանձնակատար Մյուժնիկսը դրական են գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքը։
Կարևորվել է ՀՀ կառավարության կողմից առաջիկա երեք տարիների համար հաստատված «Հայաստանի` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի» իրականացումը։
Նախարար Նալբանդյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի, տարրական մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների վրա, ինչի հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում:
Հյուրի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Նախորդող հրապարակում՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը խոսել է Շանթ Հարությունյանի գործի մասին