07/10/2014 09:47
Քաղաքական դաշտում հստակություն մտավ. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, և այդ օրակարգն իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, և իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետևաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան: Նախ՝ ոչ իշխանական ուժերի 12 պահանջներն այլևս արդիական չեն: Զավեշտալի կլինի օրակարգ կազմել հետևյալ հերթականությամբ. ա/ ես պահանջում եմ, որ դուք հեռանաք, բ/ ես պահանջում եմ, որ դուք վերացնեք կարմիր գծերը:
Առաջին կետի համեմատությամբ «խամրում են» մնացած բոլոր կետերը: Պահանջները պետք է վերաձևակերպել այսպես. Դուք գնացեք, ես կգամ իշխանության, իսկ հետո նոր տալ խոստումներ՝ կվերացնեմ բոլոր կարմիր գծերը, արագաչափերը, բոլորին կազատեմ հարկերից, բանկային տոկոսներից, և այնպես կանեմ, որ Հայաստանում ձմռանը ծառերի վրա նարինջներ աճեն:
Երկրորդ հետևությունը, որը կարելի է անել քաղաքական դաշտի այս հստակեցումից, այն է, որ ինքը՝ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունն այլևս արդիական չէ: Իշխանափոխություն է պահանջում հենց ընդդիմությունը, և Հայաստանում նա մշտապես հենց դրանով է զբաղված՝ մոտավորապես 1992թ.-ից սկսած»: