07/10/2014 09:25
Ծառուկյանը կմասնակցի՞ հանրահավաքին
Ոչ իշխանական ուժերի կողմից հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքից առաջ հնչող ամենաանպատասխան հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ իր կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին:
ԲՀԿ-ին մոտ կանգնած «168 Ժամի» աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար: Ավելին, հանրահավաքի գլխավոր հարցը դառնալու է իշխանափոխությունը, և չի բացառվում, որ այդ պահանջին հասնելու համար հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին:
Իսկ «Հրապարակի» տեղեկություններով՝ Ծառուկյանը չի պատրաստվում մասնակցել հանրահավաքին: «Թեև եռյակը պահում է ինտրիգն ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եռյակի լիդերների մասնակցության փաստը չի բացառում, սակայն ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու: Եթե Գագիկ Ծառուկյանն այս փուլում «լուրջ չի համարում խոսել» սահմանադրական բարեփոխումների մասին, այդ մասին չի խոսելու, ինչպե՞ս կգնա-կկանգնի Ազատության հրապարակի հարթակում՝ զարմանում են ԲՀԿ-ականները՝ «Հրապարակի» հարցը «միամիտ» համարելով և հիշեցնում են Ծառուկյանի հարցազրույցը, որտեղ նա սահմանադրական փոփոխությունների մասին ասել էր.«Պարզ չէ, թե խոսքն ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանել»: Եթե Ծառուկյանը չմասնակցի հանրահավաքին, ինքնըստինքյան կփակվի նաև մյուսների մասնակցության հարցը»,- գրել է «Հրապարակը»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում: