09/10/2014 12:05
Կառավարությունը հետաձգեց Շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորումը
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել:
Պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը Կառավարության հաստատմանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց, որ ներկայում աշխատանքներ է տարվում, որպեսզի այդ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի:
Այսպես՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Հարցը Կառավարության կողմից համարվեց անհետաձգելի և կներկայացվի Ազգային ժողով: