11/10/2014 14:28
Տնտեսագետ. ԵՏՄ անդամակցումն ակնհայտ փակուղի է Հայաստանի համար
Անցած 20 տարիների ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ ինտեգրացիոն նախագծեր և գործել են տարբեր արդյունավետությամբ, բայց պետք է ասել, որ դրանց արդյունավետությունը եղել է բավականաչափ ցածր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Այդ ինտեգրացիոն գործընթացները եղել են շուրջ մեկ տասնյակ, և միշտ չէ, որ հիմնական խաղացողը Ռուսաստանն է եղել, թեև Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր հավակնությունները տարածաշրջանի նկատմամբ: Պետք է նկատել, որ այս նախագիծը կունենա նույն ճակատագիրը, ինչ ունեցել են մյուս նախագծերը»,- ասաց նա՝ նկատելով, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ֆորմալ առումով մայիսի 29-ի շարունակությունն էր:
«Այդ ստորագրումը տեղի չունեցավ այնպես, ինչպես Մոսկվան էր ուզում, այլ՝ ձգձգումով, վերջին պահին: Տոնական արտահայտություն չկար մասնակիցների դեմքներին»,- նկատեց նա:
Եղիազարյանի համոզմաբ՝ Հայաստանը փաստացի խորացրեց այն մեկուսացումը, որի մեջ հայտնվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, և արձանագրեց այն, որ Հայաստանն այլևս այլընտրանք չունի:
«Տնտեսագետները լավ գիտեն, որ սա ակնհայտ փակուղի է Հայաստանի համար: Այս մեկ տարվա ընթացքում Հայաստանը գրանցել է տնտեսական հետընթաց, և որ ամենակարևորն է՝ Հայաստանը զրկվել է այլընտրանքային հարաբերություններ ունենալու հնարավորությունից և սահմանափակվել է միայն ԵՏՄ անդամ երկրներով, հետևաբար, պետք է ասել, որ առանց այլընտրանքի զարգանալ հնարավոր չէ»,- ասաց նա: