11/10/2014 13:30
Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցեցին «UWC Dilijan College»-ի բացմանը
Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց «UWC Dilijan College»-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարիեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները:
Դպրոցի բացման արարողությանը սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Վեհափառի ուղեկցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը և Տոմիսլավ Նիկոլիչը շրջեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Նշվեց, որ բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 մլն դոլար:
Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 մլն դոլար է:
Ներկայում «UWC Dilijan College»-ում սովորում է 16-17 տարեկան 96 աշակերտ: Իսկ 2023 թ աշկերտների ընդհանուր թիվը պետք է հասնի 650-ի: Դպրոցում ուսուցումն իրականացվում է անգլերենով:
Կրթահամալիրի տարածքը կազմում է 37000 քմ, իսկ շինարարության մեկնարկը տրվել է 2012 թ գարնանը:
«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով բոլորին, նշեց, որ այսօր Հայաստանի համար շատ կարևոր օր է:
Ռուբեն Վարդանյանի խոսքերով` կրթությունն ազգի զարգացման հիմքն է և տնտեսական փոփոխությունները հնարավոր է իրականացնել եթե ազգը կրթված է: