13/10/2014 12:27
Հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը կարևոր է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նախօրեին Երևանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը կարևորել է նրանց այցելությունը մեր հանրապետություն՝ ընդգծելով հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: