14/10/2014 13:55
ՀԲ փոխնախագահ. Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակել Հայաստանին
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և նշել, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարևոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում:
«Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի և ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը:
ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարևորելով փոխգործակցության շարունակականությունը, նշել է.
«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:
ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է.
«Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս: