15/10/2014 11:25
«Ինեկոբանկի» աշխատակցի սպանության գործը ՀԿԳ քննության վարչությունում է
«Ինեկոբանկի» գլխավոր գանձապահ Լևոն Ավետիսյանի սպանության գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։ Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 13-ին ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:
Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:Լևոն և Նունե Ավետիսյաններն ամուսիններ են եղել:
Նախորդող հրապարակում՝ Սպանություն՝ Առինջում. Ամուսինը մահացել է տեղում, կինը՝ հիվանդանոցում է