15/10/2014 14:30
Սերժ Սարգսյանին է ներկայացվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
Այսօր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների, Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի եզրակացությունը, որի «Եզրահանգում» բաժնում մասնավորապես նշված է.
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը Սահմանադրության փոփոխությունների կոնկրետ փաթեթի նախապատրաստման արժեքավոր և հուսալի հիմք է, ինչը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կստեղծի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովման անհրաժեշտ պայմաններ: Այն հիմնված է երկրի իրավիճակի համակողմանի և հետևողական վերլուծության վրա: Բարեփոխումների նպատակները և արտացոլված ընդհանուր մոտեցումներն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական մոտեցումներին: Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է նաև Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակելու հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներգրավվածության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»:
Միաժամանակ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության անգլերեն բնօրինակը և ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հասանելի է նաև Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում: