16/10/2014 17:57
Բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը
Այսօր տեղի է ունեցել «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացումը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են` կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն:
Լեհ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը հույս են հայտնել, որ «Լյուբավա-Արմենիայի» հաջողությանը կհետևեն նաև ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը:
Ի շահ երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման` նորաստեղծ ընկերությանն անխափան և արդյունավետ գործունեություն է մաղթել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և միջազգային այլ շուկաներ:
Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր: