18/10/2014 14:38
Հրաչ Բերբերյան. ՀՀ գյուղատնտեսությունը պատրաստ չէ մտնել ռուսական շուկա
Հայաստանի գյուղատնտեսությունն այսօր պատրաստ չէ ռուսական շուկա մուտք գործելուն: Այսօր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն շուրջ հրավիրված քննարկմանը նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է մեծացնի արտահանման ծավալները, քանի որ եթե ոչ այսօր, ապա վաղը Թուրքիան կգրավի ամբողջ ռուսական շուկան:
Հրաչ Բերբերյանի հետ համաձայնեց քննարկման մասնակիցներից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա ընդգծեց՝ պետք է ներդրումներ անել, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտահանում, նաև՝ գրավել ՌԴ շուկան, սակայն դա չի արվում:
«Բացի այդ պետք է տեսնել, թե այսօր գյուղտեխնիկայի համար ինչ թանկ են վճարում գյուղացիները»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
ԱԺ պատգամավորը թվարկեց նաև գյուղատնտեսությունում առկա մի շարք խնդիրներ ու որպես օրինակ՝ ներկայացրեց Արագած գյուղում ստեղծված իրավիճակը.
«Այդ գյուղում արդեն վարակվել է 200 հա հող: Պատճառն այն է, որ ջուր չունենալով՝ մարդիկ ստիպված ՀԷԿ-երի վարակված ջրով են կատարում ոռոգում»,- ասաց պատգամավորը: