24/10/2014 12:50
Դիվերսանտների կողմից սպանված Սմբատի մայր. Մեզ միայն դրանց մահը կմխիթարի
Ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի հարազատներին երբեք չի կարող բավարարել նրանց ազատազրկումը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Ցականյանի մայրը՝ տիկին Կարինեն:
Նրա խոսքով՝ այն, որ դիվերսատներին պետք է անգամ ցմահ պահեն և կերակրեն, անարդարություն է իր որդու նկատմամբ, որին նրանք սոված պահել են մի քանի օր:
«Տղես մենակ էր քնում, մենք մի քիչ ավելի վերև, քանի որ անասուններ էին պահում, իսկ Սմբատի քույրերն էլ մի փոքր հեռու են ապրում: Եթե իմանայի, որ տենց բան է լինելու, երբեք տղուս մենակ չէի թողնի»,- ասաց նա:
Դիվերսանտների դաժանության մասին խոսելիս՝ տիկին Կարինեն մինչև այժմ չի կարողանում հավատալ, որ կարելի է այդքան անխիղճ լինել:
«Երեկոյան եկել են 3 հոգով, Սմբատից հաց են ուզել ուտելու, դրանցից մեկը հայերեն է իմացել, տղես էլ տանը հաց, պանիր, պոմիդորը դրանց է տվել, հետո էլ մոտի գումարը վերցրել են ու նրան առևանգել: Տարել են օրերով գերի պահել, հաց չեն տվել, իրենք կերել են: Իմ տղան նման չէր քաղաքի տղաներին, ինքը էնքան անկեղծ, պարզ էր, բոլորը գիտեին՝ ինչ վարքի տեր էր»,-ասաց նա:
Տիկին Կարինեն ասաց, որ առայժմ սպասում է դատավարությանը, սակայն իրենք մի քիչ կմխիթարվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի դիվերսանտներին մահապատժի դատապարտեն:
«Չիմանամ, որ դրանք ապրում են, շնչում, իսկ իմ որդին էլ չկա»,- ասաց նա:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում նշանակված է այս գործով դատական նիստ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Օրեր անց ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից:
Նախորդող հրապարակում՝ Սմբատ Ցականյանին սպանել են դիվերսիոն խմբի անդամները. ԼՂՀ դատախազություն
Քարվաճառցի 17-ամյա տղային հայտնաբերել են հրազենային վնասվածքներով
Քարվաճառում գտել են հուլիսի 7-ին անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանը դին