25/10/2014 13:39
Բացվեց «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը
Այսօր Երևանում` նորաբաց «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացվեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդես: Ցուցահանդեսի բացման ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանը, տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նորաբաց էքսպո կենտրոնում էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, ոսկերիչներ:
Նշենք, որ «Մերիդիանը» կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտի է ճանաչվել, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը: Նա նշեց, որ Ազատ տնտեսական գոտու նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, իսկ ԱՏԳ-ին գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:
Նրա խոսքով, ազատ տնտեսական գոտին իր ենթակառույցներով արդեն պատրաստ է ընդունել իր առաջին ռեզիդենտներին, իսկ ամբողջ հզորությամբ այն կաշխատի 2015-ից, ԱՏԳ-ում կտեղակայվեն 120-150 օտարերկրյա ընկերություն, որոնք կապահովեն 1000-1500 նոր աշխատատեղեր:
«Այսօր արդեն կարող ենք ասել, որ «Yerevan Show»-ն կայացել է և իր արդեն 4-րդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է 27 երկրներից ժամանած ոսկերչական և ժամագործական ավելի քան 120 ընկերություներ»,- շեշտեց Գ. Գևորգյանը:
«Արդեն ավանդույթ են դարձել տարբեր երկրների և Հայաստանի` ոսկերչությամբ զբաղվող մասնագետների և գործարարների երևանյան հանդիպումները: Ստեղծվել է արդյունավետ հարթակ, որտեղ մասնագետները կարող են ամփոփել բոլոր կատարված աշխատանքները, ծանոթանալ աշխարհի հայ ոսկերիչների ձեռքբերումներին, քննարկել հետագա անելիքներն ու ծրագրերը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարը նաև վստահ էր, որ ցուցահանդեսը իր նպաստը կունենա տեղական և օտարերկրյա կապերի ամրապնդմանը, համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացմանը, նորամուծությունների ներմուծմանն ու կիրառմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար: «Հայկական ոսկերչությունն ունի բազմադարյա պատմություն և ավանդույթներ և այսօր նույնպես այդ ավանդույթները շարունակվում են թե Հայաստանում, թե Սփյուռքում` ամրապնդելով դիրքերը համաշխարհային ասպարեզում»,-շեշտեց Կ. Ճշմարիտյանը:
Բացման արարողությունից հետո ՀՀ նախագահը տիկնոջ հետ շրջեց ոսկերչական ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ոսկերիչների ներկայացրած աշխատանքներին:
Նշենք, որ ոսկերչական ցուցահանդեսին հյուրընկալվել են ավելի քան 27 երկրների հայտնի ոսկերչական և ժամագործական 100 ժամանակից ընկերություններ և մոտ 200 արտասահմանայան գնորդներ: Ցուցահանդեսին մասնակցում է տեղական 25 ընկերություն, այն կտևի մինչև հոկտեմբրի 28-ը: