27/10/2014 10:14
Բաբայան. Բեկման համար պետք է, որ Արցախը մասնակցի բանակցություններին
Այսօր Ֆրանսիայում կայանալիք Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընդառաջ Aysor.am-ն Արցախում զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:
Վերջինիս խոսքով` Արցախն արժեվորում է ցանկացած նախաձեռնություն, քանի որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս պահպանել խաղաղությունն ու կայունությունը և բանակցային ձևաչափի միջոցով փորձել ինչ-որ ձևով լուծել հակամարտությունը:
«Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև մեկ բան` վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է երկու նախապայման, խոսքը ոչ թե վատ առումով նախապայմանների մասին է, այլ` օբյեկտիվ իրականության»,- ասաց Դավիթ Բաբայանը` մանրամասնելով.
«Նախ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը: Պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին, ճիշտ չէ, երբ մեր ճակատագիրն է որոշվում առանց մեզ: Եվ երկրորդը` Ադրբեջանը պետք է վերանայի իր մոտեցումները: Դժբախտաբար, որևէ փոփոխություն այստեղ մենք չենք տեսնում: Նույն ֆաշիստական հռետորաբանությունը, քայլերը, հանցագործների հերոսացումը: Հենց այսպիսի հանդիպումներին ընդառաջ իրավիճակի լարումը: Այս ամենը որևէ հիմք չի տալիս մեզ ակնկալել, որ լինելու է բեկում»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Անդրդառնալով Մինսկի խմբի գործունեությանը` Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ կրկնեց, որ ամեն բան պետք է անել խաղաղությունը պահպանելու և խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու համար:
«Սա այն մաքսիմումն է, որը կարող է անել Մինսկի խումբը և սա էլ է շատ մեծ, ահռելի աշխատանք: Բայց, նորից եմ ասում, բեկման համար անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: Ֆրանսիական աղբյուրների հաղորդմամբ` եռակողմ հանդիպումից բացի Ֆրանսուա Օլանդը երկկողմ հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: