27/10/2014 10:27
Բաբայանը` դիվերսանտների գործի մասին. Որևէ արտաքին ճնշում չի ազդի դատի վրա
Այսօր Ստեփանակերտում մեկնարկում է այս տարվա հուլիսին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով` Արցախի սահմանն ապօրինի հատելու, 17-ամյա երիտասարդի դաժան սպանության, ՀՀ ԶՈւ սպայի սպանության, քաղաքցիական կնոջը ծանր վիրավորում պատճառելու համար:
«Մենք իրավական պետություն ենք և ստիպված ենք, նույնիսկ նրանց դեմ եղած բոլոր փաստարկների դեպքում, դատը կազմակերպել ինչպես վայել է ժողովրդավարական պետություններին` բաց ու թափանցիկ ձևով»,- դատին ընդառաջ Արցախում Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` ավելացնելով.
«Այդ մարդիկ կունենան իրենց պաշտպաններին, ինչքան էլ դա հոգեբանորեն ծանր չլինի պաշտպանների և ընդհանրապես հասարակության համար: Սա է օրենքը: Երբ դատարանը կապացուցի այն, որ իրենք կատարել են այդ արարքները, կամ չի ապացուցի, այդ ժամանակ, իհարկե, կտեսնենք, թե ինչ որոշում կկայացվի պատժի վերաբերյալ»,- ասաց նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծեց, որ արտաքին որևէ ճնշում ազդեցություն չի ունենա այս դատավարության ընթացքի վրա.
«Մեզ վրա որևէ ճնշում չի կարողանալու ունենալ այն ազդեցությունը, որն ակնկալում է ադրբեջանական կողմը: Բնական է` մենք ակնկալում ենք, որ հանցագործ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հանցագործության մեջ կասկածվող իր քաղաքացիներին պահպանի: Սա է հանցագործների օրենքը, ինչպես և արվեց Սաֆարովի դեպքում, բայց որևէ ձևով չեմ կարծում, որ դա հաջողվի: Կրկնում եմ` մենք վճռական ենք դատավարությունն անցկացնել ժողովրդավարական կանոններով»,- ասաց Դավիթ Բաբայանը.
«Եթե նրանք անմեղ են` դատարանը կապացուցի նրանց անմեղությունը»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով այլ` երրորդ պետությունների կողմից հավանական ճնշմանը, Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ որևէ քաղաքակիրթ պետություն, դժվար թե, ցանկանա նման ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց մեղքը թեթևացնելու համար ճնշումներ գործադրել.
«Սա որևէ մեկին պետք չէ: Սա նույնիսկ նման քայլի դիմող պետության վարկանիշի համար, այսպես ասած, շատ ծանր հարված կլինի: Հետևաբար, համոզված եմ, որ նորմալ ընթանալու է ամեն ինչ: Սպասենք դատավարության մեկնարկին»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Արցախ` Քարվաճառ էին ներթափանցել 3 ադրբեջանցի դիվերսանտներ: Արցախի տարածքում գտնվելու օրերին նրանք առևանգել և դաժանաբար սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել քաղաքացիական Կարինե Դավթյանին:
Դիվերսանտներից Հասան Հասանովը ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու ընթացքում սպանվել էր, իսկ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ձերբակալվել էին:
Նախորդող հրապարակում՝ Դիվերսանտների կողմից սպանված Սմբատի մայր. Մեզ միայն դրանց մահը կմխիթարի