27/10/2014 14:23
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ. «Նախագծով կանայք պատժվում են մայրանալու համար»
Այսօր ԱԺ-ի մոտ հերթական բողոքի ակցիան էին նախաձեռնել: Ակցիայի կազմակերպիչներն էին մի շարք ՀԿ-ներ ու անհատներ, ովքեր պահանջում են հետ կանչել «Ժամանակավոր նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում նույն օրինագծի հետ կապված սպասվում են նաև լսումներ որոին պատրաստվում են նաև մասնակցել քաղաքացիական նախաձեռնության անդամներներն ու ՀԿ անդամները:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ օրինագծի ընդունումը լի է վտանգներով:
Նրա խոսքով` ինքն և՛ որպես նախաձեռնության անդամ, և՛ որպես ՀՀ քաղաքացի անձամբ պատրաստվում է պայքարել մինչև վերջ, որպեսզի օրենքը հետ կանչվի:
Հիշեցնենք, որ օրենքը հավանության արժանանաուց հետո ուժի մեջ կմտնի հավանաբար հաջորդ տարվա հունվարի մեկից, ըստ որի, կկրճատվեն աշխատող կանանց մինչ ծննդաբերական ու հետծննդաբերական նպաստի փոխհատուցման չափերը:
«Այսօր դեռևս ԱԺ ամբիոնից չի խոսվելու այդ մասին, սակայն լսումներ են կազմակերպվել: Իմացել ենք այդ մասին և ուզում ենք ևս մեկ անգամ մեր բողոքի ձայնը բարձրացնել: Ուզում ենք նաև ապացուցել, որ պատրաստվում ենք մինչև վերջ գնալ և թույլ չտալ, որ այս նախագիծը մյուսների նման օրենք դառնա»,- ասաց Մանեն:
Մանեի խոսքով` այս նախագիծը, բացի այն, որ անօրինական ու անբարոյական դրույթներ է պարունակում, նաև հակասում է ՀՀ Սահմանադրությանը: «Իսկ Սահմանադրությունը հայաստանցու և հայի պաշտպանությունն է: Այս նախագծով` կնոջը և տղամարդուն հավասար պայմաններ չի ապահովում: Այսինքն` կանայք այս պատճառով կզրկվեն իրենց մայրական եկամուտներից: Դա տեսանելի անհավասար պայման է: Այսինքն` կանայք պատժվում են մայրանալու համար»:
Նախորդող հրապարակում՝ ԱԺ շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա է նախատեսվում