27/10/2014 15:05
Մեր պետական այրերը գիտակցո՞ւմ են՝ որ հատվածն է թիրախի տակ. Ցույց` ԱԺ-ի մոտ
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով այսօրվա ԱԺ լսումներին պատրաստվում է մասնակցել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:
Լրագրողների հետ զրույցում Մանեն մանրամասնեց, որ պատրաստվում է ծանոթանալ, թե ինչպես են պետական այրերը պատրաստվում ներկայացնել օրինագիծը: «Ուզում եմ հասկանալ, թե արդյոք օրինագծում ներառված են բոլոր վտանգները և արդյոք մեր պետական այրերը գիտակցում են, թե որ հատվածն է թիրախի տակ հայտնվել այսօր: Ուզում եմ հասկանալ, թե Հայաստանում գործազրկության օրոք և չաշխատելու պայմաններում, պաշտոնյաների կարծիքով, կինը կարող է երեխա մեծացնել ու եկամուտ հայթայթել»,- ասաց նա:
Մանեի խոսքով` օրինագծում որոշակի տարանջատումներ կան, որոնք հստակեցման անհրաժեշտություն ունեն: «Ես միշտ պայքարելով հույս եմ ունեցել, որ արդյունքը նկատելի կդառնա և ի վերջո մեզ կհաջողվի օրենքները կասեցնել: Բայց այսօր տարբեր օրենքներ շրջանառության մեջ դնելով՝ փաստվում է մի բան, որ մեր կառավարությունը պետբյուջեն փող լցնելու խնդիր ունի: Սրանք մսխել են փողերը, հիմա միջոցներ են հայթայթում՝ բացերը լրացնելու համար: Այլևս Արևմուտքը գումարներ չի տրամադրում հայտնի պատճառներով, իսկ իրենք խնդիր ունեն պետբյուջեն ինչ-որ կերպ պահել, որպեսզի կարողնան նորից արհեստական աճեր ցույց տալ»,-ասաց ցուցարարը` նկատելով, որ կառավարությունը այդ ամենի գինը հաշվի չի առնում:
Մանեն ՀՀ քաղաքացիներին զգոնության կոչ է անում և հորդորում չընկճվել ու չնահանջել: «Մինչև մեր երկրում չլինեն իսկապես համակարգային փոփոխություններ, երկրում այլևս փոխել ինչ-որ բան հնարավոր չէ: Քանի դեռ կառավարությունն ի զորու չէ մեր շահերը պաշտպանել, պետք է մեր շահերը ինքներս պաշտպանենք: Ես ուզում եմ իմ մասնակցությամբ իմ հաստատակամությունը հայտնել և ասել, որ պաստրաս եմ ինչքան անհրաժեշտ է փողոց փակել, փողոցում նստել, բայց ամեն ինչ անել, որպեսզի այս օրենքն ուժի մեջ չմտնի: Դա սահմանադրական իմ իրավունքն է և ոչ ոք չի կարող ինձ խանգարել»,- ասաց նա` հավելելով, որ այս օրենքի կիրառումը Հայաստանում լուրջ վտանգներ կծնի:
«2010 թվականին նմանատիպ մի օրենք ընդունվեց, բայց պայքարի արդյունքում հետ կանչվեց»,- ասաց Մանեն` հավելելով, որ հղի կանայք մեծ դժվարությամբ օրնիբուն աշխատում են և իրավունք ունեն նաև ակնկալել պետության աջակցությունը:
Հիշեցնենո, որ նախաձեռնության անդամները դեռ նախորդ շաբաթ նամակ էին փոխանցել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայ որևէ արձագանք մինչ այս պահը չկա:
Նախորդող հրապարակում՝ Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ. «Նախագծով կանայք պատժվում են մայրանալու համար»