27/10/2014 16:32
Բիշարյան. Հղի կնոջը ներկայացված հաշվարկները զավեշտ է հիշեցնում
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով այսօրվա ԱԺ լսումների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՍԱՊԾ պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքերով է սահմանել 40, 60, 80 տոկոսի շեմը:
«Հղի կնոջը փորձում են հաշվարկներ ներկայացնել, որը զավեշտ է հիշեցնում: Միանգամից անցել եք այդ թվերին: Սա արդարացված չէ: Այն ժամանակ, երբ օրենքը դրվել է շրջանառության մեջ, հաշվի ենք առել այն, որ հղի ժամանակ կինը կարող է աշխատել»,- մանրամասնեց Բիշարյանը` հայտարարելով նաև, որ նախկինում հաշվի են առել նաև այն ժամանակվա միջին ամսական աշխատավարձը:
«Պետք է կատարել հաշվարկը 100 տոկոսի չափով: Պետությունը պետք է խրախուսի ծնելությանը: Ինչպե՞ս եք հաշվարկել որ պետք է լինի 40 տոկոս: 80 տոկոսի հետ կարելի է մի կերպ համակերպվել, բայց մյուս երկուսն անընդունելի է»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով` սա կանանց նկատմամաբ խտրական վերաբերմունք է և հիշեցրեց, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր ստանձնած միջազգային պարտավորություններին: «Սկզբունքորեն հեռանում եք այդ պարտավորություններից»,- հայտարարեց Բիշարյանը:
Ինչ վերաբերում է սահմանված արտոնություններին` պատգամավորը նկատեց, որ նախագծում սահմանված վերին շեմը նույնպես թյուրիմածություն է: «Մեր երկրում մասնավոր սեկտորներում կան վերապահումներ: Որքան է նրանց քանակը, որոնց համար նոր օրենքի նախագիծ ենք բերում: Հաշվարկ ունենք, որ 1.7 միլիոն եք սահմանել: Դուք խոսեցիք նաև երկու տարեկան երեխաների նպաստների մասին: Մենք արդեն հաստատել ենք, որ պետության հոգածության խնդիրը պետք է լինի մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար գումար տալը: Մենք նվազագույնը հաշվարկել էինք և ստացել 18 հազար դրամ: Ինչո՞ւ չեք սա հաշվի առնում»,- հավելեց նա:
Ի պատասխան Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո փորձը ցույց է տվել, որ այն ենթակա է քննարկման ու փոփոխման: «Այդ համակարգային խնդիրը պետք է ստանա իր լուծումը: Խորհրդային ժամանակահատվածում նույնիսկ 40 տոկոս էր կիրառվում և քիչ չէր աշխատավարձ ստացողների համար»,-ասաց Սաիյանը:
Անդրադառնալով հաջորդ դիտարկմանը հետ կապված` վերջինս մանրամասնեց, թե որևէ եվրոպական փաստաթուղթ չի սահմանել 100 տոկոս փոխհատուցում` հղի կանանց համար: «Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այդ չափաքանակը` ելնելով իր հնարավորություններից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է առավելագույն շեմի սահմանմանը, Ս. Սաիյանը պարզաբանեց, որ դա ևս կախված է երկրի ֆինանասկան միջոցների հնարավորություններից: «Կարծում եմ, որ խնդիրը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Մենք համապատասխան ֆինանսական հնարավորություններ այս առումով առայժմ չունենք»,- ասաց Սաիյանը:
«Այս տարի Հայաստանում հանեցին Շահութահարկի մասին օրենքը, որպեսզի հարուստները շքեղության համար հարկ չվճարեն: Մենք մեր ծախսերը փորձում ենք կրճատել հղիների հաշվին: Այստեղ սոցիալական անարդարություն է նկատվում: Մենք հղիների գրպանից վերցնում ու մյուսի գրպանն ենք դնում: Դա անընդունելի է»,- արձագանքեց Բիշարյանը, որին ի պատասխան Սաիյանը ասաց.
«Խորհուրդ կտամ ուսումնասիրել առավելագույն շեմը: Վիճակագրական տվյակներ այս պահին չկան, բայց այս քննարկումից հետո կարող եմ դրանք ներկայացնել համապատասխան թվեր»:
Նախորդող հրապարակում՝ Մեր պետական այրերը գիտակցո՞ւմ են՝ որ հատվածն է թիրախի տակ. Ցույց` ԱԺ-ի մոտ