28/10/2014 13:17
Բակո Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային թև: Նա ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Կովսականում ԼՂՀ Նախագահ Սահակյանը մասնակցել է նաև ժամանակակից սարքավորումներով վերազինված և կապիտալ վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Նա նշել է, որ արդի պայմաններին համապատասխանող բժշկական հաստատությունների առկայությունը շրջաններում հանդիսանում է առողջապահության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկը, և այս ոլորտում պետությունը շարունակելու է իրականացնել լայնածավալ ծրագրեր:
Նույն օրը երկրի ղեկավարը եղել է Թոնդիրգետի ոսկու հանքավայրում, ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին: Նախագահ Սահակյանը կարևորել է լեռնահանքարդյունաբերական ճյուղի նշանակությունը մեր հանրապետության կյանքում` այն համարելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնարար ուղղություններից մեկը: Նախագահը երախտագիտություն է հայտնել սփյուռքահայ բարերար Վարդան Սերմաքեշին այս ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու համար` այն որակելով որպես Հայրենիք-Սփյուռք համագործակցության ու հայրենասիրության լավագույն դրսևորումներից:
ԼՂՀ նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: