28/10/2014 11:25
Հովիկ Աբրահամյան. Մեր թիրախը խոշոր բիզնեսն է
Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են պետական բյուջեի նախագծի քննարկումներն ըստ ոլորտների, որոնք կտևեն մինչ հաջորդ ուրբաթ: 2015 թվականի պետական բյուջեն այս տարի ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն. բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 50 տոկոսը հատկացված է այդ բնագավառին: Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ վարչապետի, նախատեսված է հատկացումներ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման համար. «Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ հատկացնել ԼՂՀ-ին»:
Պետական բյուջեի հիմնական շեշտադրումները, Հ. Աբրահամյանի խոսքով, երկուսն են՝ գործարար միջավայրի բարելավում և արտահանման ու հիմքային ոլորտների զարգացում: Նա ասաց նաև, որ ԱԺ-ում քննարկվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որը նպատակ ունի պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմաններ կիրառել ու բացառել երկակի ստանդարտները: «Մեր թիրախը խոշոր բիզնեսն է»,- ընդգծեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաև հորդորեց քաղաքական բոլոր ուժերին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ զերծ մնալ ավելորդ քաղաքականացումից և դահլիճ չբերել հրապարակի տրամադրություններ: