29/10/2014 13:48
«Դիվերսանտների խոսքերը դատարանում վկայում են՝ նրանց վրա ճնշումներ չեն եղել»
ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը ողջունելի է այն առումով, որ չճանաչված երկրում առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Լ. Ալավերդյանի խոսքով՝ ԼՂՀ բոլոր օրենսդրական նորմերն ընդօրինակվում են ՀՀ օրենսդրությունից: Լ. Ալավերդյանը ասաց, որ չպետք է խառնել չճանաչված երկիր և անօրինական դատ հասկացությունները, և չպետք է կասկածի տակ դրվի ԼՂՀ-ում դատավարության օրինականության հարցը:
Նրա խոսքով՝ դատավորը աչքի է ընկնում իր գրագիտությամբ և մասնագիտական ունակությունների բարձր աստիճանով:
Անդրադառնալով ադրբեջաներենի թարգմանիչ չլինելուն՝ Լ. Ալավերդյանը ասաց, որ դիվերսանտները տիրապետում են ռուսերենին և դրա կարիքը չի եղել, դատավարությունն ընթացել է հայերեն, իսկ ամբաստանյալների համար եղել է ռուսերեն թարգմանություն:
Նրա խոսքով՝ դիվերսանտներն իրենց մեղքը մասնակիորեն են ճանաչել, մեկը ընդունել է գողություն անելու և անօրինական զենք ունենալու փաստը, մյուսը՝ հայ երիտասարդի սպանության համար է մեղադրվում:
Լ. Ալավերդյանը ասաց, որ այն, որ դիվերսանտները դատարանում պետական սահմանը հատելու վերաբերյալ հարցին պատասխանել են, որ չեն իմացել, որ դա պետական սահման է, վկայում է այն մասին, որ նրանց նկատմմաբ նվաստացումներ և ճնշումներ չեն եղել:
Լ. Ալավերդյանը ասաց, որ ԼՂՀ-ն պատրաստ է դատավարությանը այլ երկրներից դիտորդ կամ փաստաբան ընդունել, սակայն դիմողներ չեն եղել, թեև Ադրբեջանը դիմել է միջազգային հանրությանը այս դատավարության հարցով, որին ի պատասխան ստացել է «վերին աստիճանի խոսուն լռություն», ինչը նշան է այն բանի, որ Ադրբեջանը դուրս է մղվել քաղաքակիրթ աշխարհից:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանցի դիվերսանտները պնդել են, թե չգիտեին ԼՂՀ սահմանի գոյության մասին