29/10/2014 09:19
Լիսկայի որդու մասնակցությամբ ավտովթարը կոծկվո՞ւմ է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով:
Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը: Լիսկայի որդին, սակայն, փախուստի է դիմել դեպքի վայրից, և նրա անունը ոստիկանության ամփոփագրերում չի էլ շոշափվում: Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը թերթի անունը լսելուն պես անջատել է հեռախոսը՝ հայտարարելով, թե զբաղված է:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել են, թե, ըստ ամփոփագրերի, «Նիվայի» ղեկին եղել է 75թ.-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը (խոսքը Լիսկայի թիկնապահ Նիկոլի մասին է), իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին մեքենայի մեջ չի եղել: Անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենան ջախջախվել է: