30/10/2014 15:59
Գլխավոր դատախազը Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանի դատավճռին և նշեց, որ Շանթ Հարությունյանի և ընկերների նկատմամբ կայացված դատավճռում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- ասաց Գ. Կոստանյանը` հավելելով, որ քրեական գործի հարուցման և քրեական հետապնդման իրականացման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել:
«Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և բոլոր տեսագրությունների ապացույցներով հագեցած է»,- շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը:
ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձավ նաև հարցին, թե մինչև դատավճիռը անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ր և արդյոք դատարանի որոշման վրա չազդեց այն, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել: Գլխավոր դատախազն ասաց, որ դատավճիռը կայացվում է ապացույցների հիման վրա և ոչ թե որևէ հայտարարության կամ մեկնաբանության:
«Եթե դատարանը մինչև դատավճռի կայացումը այդ մասին դիրքորոշում հայտներ, ապա դա կդիտվեր որպես անմեղության կանխավարկածի խախտում»,- շեշտեց Գևրոգ Կոստանյանը՝ հավեելով, որ անմեղության կանխավարկածի խախտում համարվում է ոչ թե որևէ քաղաքացու, քաղաքական կամ պետական գործչի կողմից նախնական վերաբերմունքը որևէ հարցի վերաբերյալ, այլ այն պաշտոնատար անձի, ով իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ մինչև որոշման կայացումը:
ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց նաև` թե ինչու օրինակ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու մասնակցությամբ միջադեպերին «աչք են փակում» հարցին, ասելով, որ Սուրիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ իր դիրքորոշումը վաղուց հայտնել է. «Բազմիցս հայտնել եմ և այդ դիրքորոշումը մինչև հիմա էլ պնդում եմ: Ինչ վերաբերում է նրան, որ որդին այս է անում, այն է անում, ցանկացած դեպքում, երբ որ կան հանցագործության մասին հատկանիշներ և կլինեն բավարար հիմքեր ու ապացույցներ, որոնք Քննչական կոմիտեն ձեռք կբերի, ապա համապատասխան անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»: