31/10/2014 14:49
Արտեմ Ասատրյան. Աշխատող հղի կինը որևէ կերպ չի ունենա իրավունքի ոտնահարում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությանն, ասաց, որ իրականացվում են աշխատանքներ՝ իսկապես աշխատող հղի կինը որևէ կերպ չունենա իրավունքի ոտնահարում:
Հիշեցնենք, որ նախագիծը առաջացրել էր հղի կանանց դժգոհությունը, ըստ որի՝ պետք է կրճատվեր աշխատող հղիների նպաստների չափը և նպաստ տրվեր նաև չաշխատող կանանց.:
Նախարարն ընդգծեց, որ այդ նախագիծն ընդամենն առաջարկություն էր, որը փոփոխության կենթարկվի՝ հասարակական նոր քննարկումներն ու առաջարկությունները հաշվի առնելով:
Լրագրողների հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ի՞նչ էր նշանակում, կա՞ մեխանիզմ, որն ավելի կբավարարի բողոքի դուրս եկած հղիներին, նախարարը պատասխանեց.
«Մենք որևէ հայտարարություն չենք արել, որ հրաժարվելու անհրաժեշտություն լինի, մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման: Այդ նախագիծն առաջարկություն էր մեր կողմից` արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք այս ընթացքում բավականին առարկայական քննարկում ունեցանք, որն իսկապես շատ լավ օրինակ էր: Քննարկումներին մասնակցում էին բոլոր շահագրգիռ շրջանակները, այդ թվում նաև շահառու անձիք, գործատուներ, ՏԻՄ-եր, ՀԿ-ներ։ Եվ վերջապես խորհրդարանական լսումների շրջանակներում այն բոլոր հարցադրումներն ու մոտեցումները, որոնք ներկայացվեցին, բնականաբար ներառվեցին մեր կողմից ներկայացված նախագծի ամփոփաթերթում»,- ասաց նախարարը` հստակեցնելով նաև, որ հնչած բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացվեցին և առարկայական բնույթ են կրում, ներկայում շատ առարկայական և ինտենսիվ իրականացվում են դրանց վերլուծության փոփոխությունների աշխատանքները:
«Մտահոգությունը, որ բոլորս ունենք, այն է, որ իսկապես աշխատող հղի կինը, որը համապատասխան եկամուտ է ստանում, չունենա որևէ կերպ այդ իրավունքի ոտնահարում»,- հավելեց նախարարը:
Հարցին` այսինքն, եթե երկար տարիներ աշխատող կինը ստանում էր իր 100% աշխատավարձը, այժմ էլ նույն ձևով էլ կշարունակի՞ ստանալ, նախարարը արձագանքեց.
«Մենք հիմա նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը տեսքի կգա երկու-երեք օրվա ընթացքում: Կներկայացվի ԱԺ սոցիալական հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցերին կունենանք պատասխան»:
Լրագրողի դիտարկմանը` տպավորություն էր, որ վարչապետը մեղքը գցում էր Ձեզ վրա, նախարարը ասաց, որ Շատ սխալ տպավորություն է ստեղծվել. «Մեղք գցելու որևէ խնդիր չկա: Վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված: Ես արդեն նշեցի, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել։ Այս քննարկումները բնականաբար նաև ենթադրում են որոշակի լուծումներ, որն արտահայտվելու է օրենքի նախագծում և ներկայացվելու է ԱԺ-ին, և ՀՀ վարչապետը ներկայացրեց իր մոտեցումը»,- ասաց նախարարը:
Իսկ թե նոր նախագիծը կգոհացնի վարչապետի ու հղի կանանց պահանջները նախարարը շեշտեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այն ընդունելի լինի բոլորի կողմից:
«Ձեր հետ միասին մենք կկարողանանք անել այնպիսի քայլեր, որպեսզի ընդհանրապես այն բոլոր անձինք, ովքեր առարկայական շահագրգռվածություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, բավարարված լինեն լուծումներով: Կարծում եմ, որ հանրապետության վարչապետն իր մոտեցումները ներկայացնելով՝ առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, ում խնդիրների լուծման առումով էլ տարվում է համապատասխան աշխատանք»,- եզրափակեց նախարարը:
Նախորդող հրապարակում՝ Ն. Զոհրաբյան. Նախկին ֆիննախի կինը դեկրետի գումար ստացավ 20 մլն դրամ