31/10/2014 13:37
Ն. Զոհրաբյան. Նախկին ֆիննախի կինը դեկրետի գումար ստացավ 20 մլն դրամ
ԱԺ-ում այսօր 2015-ի պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ժամանակին հենց իրենց խմբակցություն էր ներկայացրել օրենքի նախագիծ՝ «Ժամանակավոր անաշխատունակության համար տրվող գումարների մասին», որը կառավարության կողմից անվանվեց պոպուլիզմ:
«Ես ուրախ եմ, որ լավ նախաձեռնություններն այլևս այդպես եք անվանում: Այժմ դուք եք սկսել համանման նախագիծ»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ ողջունում է այն կանանց, որոնք այսօր բողոքի ակցիաների են դուրս եկել, սակայն շատերն այսօր չեն կարող լինել նախարարի կին ու ստանալ ահռելի հոնորարներ ու հավելավճարներ, ինչպես, օրինակ, Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը. «Պաշտպանելով կանանց իրավունքները, որ իրենց գումարը պետք է պաշտպանվի, ինչպե՞ս պետք է համակարգում եղած խնդիրները լուծենք՝ հասկանալով, որ կա կոռուպցիա: Շատերն ուղղակի գործարքի մեջ են մտնում ու ստանում հսկայական գումարներ: Նախկին ֆիննախի կինն, օրինակ, դեկրետի գումար ստացավ 20 մլն դրամ»:
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ պատգամավորի հարցադրումը կապ չունի քննարկման հետ. «Դա հանրային լսումների թեմա էր»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարեց, որ խնդիրը մի քանի տարի է՝ ուսումնասիրվում է ու նպատակը նաև չաշխատող կանանց գումար հատկացնելն էր. «Դա ենթադրում է 15-16 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում, որը պետք տրվի մինչև երկու տարեկան երեխա խնամող չաշխատող մայրերին: Ինչ վերաբերում է համակարգում առկա կոռուպցիային, ապա եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կինը ստացել է չհիմնավորված պարգևատրումներ, հղիության վերջին ամսում ընդունվելով աշխատանքի՝ ստացել է մեծ գումարներ: Հանրային վերջին լսումներին հնչած բոլոր առաջարկները ամբողջովին հավաքագրել ու ուսումնասիրում ենք, որպեսզի իրապես աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն ու նաև լուծվեն այն խնդիրները, որոնք մեզ մտահոգում են»:
Նախորդող հրապարակում՝ «2-րդ երեխա ունենալու դեպքում միանվագ գումարը կավելանա, երբ գումար լինի»