31/10/2014 14:01
Փոխնախարար. 2015-ի հուլիսից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ
Հաջորդ տարի` 2015 թվականին, սոցիալական ոլորտին պետական բյուջեով կհատկացվի 385,5 մլրդ դրամից ավելի գումար կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 29 տոկոսով ավելին: Այս մասին Խորհրդարանում ընթացքող բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` հավելեով, որ սոցիալական պաշտպանության առումով կա ՀՆԱ-ի ներքին աճ, որը դարձել է 7,92 տոկոս:
«Բացի այդ՝ սոցիալական ոլորտին բյուջեից 41 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում կլինի՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ, իսկ 22 մլն դրամ լրացուցիչ հատկացումն էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված»,- հայտարարեց փոխնախարարը:
Նրա խոսքով` 2015թ. հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ՝ նախորդ տարվա 50 հազար դրամի փոխարեն: Նպաստների համար 38,3 մլրդ դրամից ավելի կհատկացվի, ընտանեկան նպաստի համար՝ 30.537 դրամ, կենսաթոշակը հինգ հազար դրամով կավելանա, իսկ երեք և չորս երեխա ունենալու դեպքում կպահպանվի մեկ մլն դրամ միանվագ հատկացումը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե նախորդ տարվա 20 մլրդ-ի փոխարեն հաջորդ տարվա համար մոտ 13 մլրդ դրամ է նախատեսած կուտակային կենսաթոշակների համար. «Արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ այդ համակարգից դեռ օգտվելու են միայն պետական հիմնարկների աշխատողները»,- ասաց պատգամավորը, ով նաև փոխնախարարից հետաքրքրվեց հղիության և ծննդաբերության համար նախատեսված հատկացման աճով:
«Սա պայմանավորված է նախարարության վերջին նախաձեռնությա՞մբ, թե՞ այդ հատկացումն ավելի վաղ էր նախատեսված»:
Պավել Սաֆարյանը նշեց, որ յոթ մլն դրամից ավելի տարբերությունը կուտակային կենսաթոշակային համակարգի համար պայմանավորված է ինչպես պետական հիմնարկների աշխատողներով, այնպես էլ՝ կամավորության սկզբունքով եղած մասնակիցներով. «Քննադատության տեղիք չտալու համար, ես լրացուցիչ կուսումնասիրեմ ձեր ներկայացրած հարցն ու տեղեկանքի ձևով կներկայացնեմ: Ինչ վերաբերում է հղիների հատկացմանը, ապա այն եղել է մինչև վերջին օրենսդրական նախաձեռնությունը»:
Պարոն Սաֆարյանը տեղեկանքի ձևով խոստացավ պատասխանել նաև ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորին հետաքրքրում էր՝ հանրապետությունում նվազագույն աշխատավարձ ստացող քանի՞ մարդ կա: