31/10/2014 14:14
Թերեզա Դաբան Սանչես. Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղում է
Հայաստանում տնտեսական աճի տեմպը դանդաղում է. 2014 թվականի աճը կանխատեսում ենք 2,6 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
«Այս դանդաղումը երկու գործոնով է պայմանավորված: Առաջին գործոնը արտաքին գործոնն է, մասնավորապես՝ Ռուսաստանի գործոնը, նաև համաշխարհային տնտեսությունն էլ լավ վիճակում չէ»,- ասաց բանախոսը:
Թերեզա Դաբան Սանչեսը նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունն աճ չի արձանագրում, իսկ Եվրամիության երկրները տնտեսության աճի տեմպ չեն հավաքում. «Ռուսաստանը և ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են և հատկապես կարևոր են Ռուսաստանից Հայաստանին ուղղված տրանսվերտները, որոնք այս տարի դանդաղել են, ինչը կարող է ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված լինել»:
Խոսելով ներքին գործոնների մասին՝ տիկին Սանչեսը նշեց, որ այն նախ և առաջ բյուջեի կատարմանն է վերաբերում. «Դա նշանակում է, որ բյուջեում ներառված կարևոր ծրագրերը, որոնց տեսակները բազմազան են և ֆինանսավորման պակասի խնդիր չունենալով հանդերձ՝ այդ ծրագրերը ցանկալի տեմպով չեն իրականացվել և արդյունքում 2013 թվականին թերակատարումը կազմել էր ՀՆԱ-Ի 2,5 տոկոսը»:
Հայաստանը, նրա խոսքով, խիստ դոլարայնացված տնտեսություն ունի: «Փոխարժեքի փոփոխությունը ուղղակիորեն կխփեր մարդկանց գրպանին, սակայն Հայաստանի կառավարությունը հնարավորություն ունի աճը խթանող քաղաքականություն իրականացնել 2015 թվականի բյուջեում»:
ԱՄՀ-ի տեսակետն է, որ բյուջեն կազմված պետք է լինի երկու տարրերից, նախ՝ պետք է պակասորդի հնարավորությունը ավելացվի, որը հնարավորություն կտա ավելի ռեսուրսներ ուղղել տնտեսության մեջ, քան՝ հանել տնտեսությունից, ուստի 2015 թվականի համար նրանք 2,3 տոկոս դեֆիցիտ են կանխատեսում, իսկ երկրորդ կարևոր տարրը` կապիտալ ծախսերի ավելացման խթանումն է: