01/11/2014 12:23
Դատարանում քննվել է Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների տեսագրությունը
Այս տարվա հուլիսին Քարվաճառ ներթափանցած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությունը շարունակվում է: Artsakhpress.am-ը ներկայացնում է դատավարության մանրամասները:
Նախօրեին դատախազ Կարեն Գաբրիելյանը մեղադրյալ Ասկերովին հարցրել է՝ ինչու՞ է նա նախաքննական ցուցմունքում նշել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանն անցնելիս զինվորականների չի հանդիպել, այն դեպքում, որ տեսագրությունում նշում է՝ «Զինվորները մեզ ասում էին, որ իբրև թե Շահումյանի շրջանում սովից կմեռնենք, մինչդեռ այստեղ ուտելիք շատ կա»:
Ասկերովը ժխտել է, որ նման մեկնաբանություն կամ նկարահանում է արել:
Շահումյանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության մեջ մեղադրվող Ասկերովն ժխտել է նաև մեղադրող կողմի ներկայացրած այն փաստը, ըստ որի, մեկ այլ տեսագրության մեջ, նկատի ունենալով Ս. Ցականյանին, Ասկերովն ասում է, որ իրենք վերցրել և տանում են մոտ 20 տարեկան մի «խոճկոր», որին առայժմ չեն կարող բաց թողնել, իսկ նրան հսկում է Գուլիևը։
Ասկերովը համաձայնել է, որ պատանու դիակի և իր ինքնաձիգի փորձաքննությունը վկայում են իր մեղավորության մասին, սակայն ժխտեց այդ սպանությանն իր մասնակցության հանգամանքը։
Հատկանշական է, որ նա հակասական ցուցմունքներ է տվել՝ մի դեպքում ասել է թե իր ինքնաձիգը, որով կրակել և սպանել են Ս. Ցականյանին, վերցրել է Հասանովը, իսկ մյուս դեպում նշել է, թե իր զենքը խմբի անդամներից ոչ մեկի հետ չի փոխել։
Նախորդող հրապարակումներ՝ Դիվերսանտ Ասկերովը՝ Գուլիևի մասին. Նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է
Մեկնարկել է դիվերսանտների դատավարությունը. Լուսանկարներ
«Դիվերսանտների խոսքերը դատարանում վկայում են՝ նրանց վրա ճնշումներ չեն եղել»