03/11/2014 14:30
Ինչպե՞ս է դիվերսանտների մոտ հայտնվել Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութը
Այսօր Ստեփանակերտում շարունակվող Քարվաճառ ներթափանցաց ադրբեջանցիների դատավարությանը Անատոլի Թադևոսյանը հրապարակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված ցուցմունքների նոր հատվածներ: Այս մասին տեղեկացնում է Artsakhpress.am-ը:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։
Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդեց, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր։
Ասկերովը մեկ անգամ ևս հաստատել է, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել ու նշել, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն: Ասում, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։
Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովն, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։
Պատասխանելով դատավոր Ա. Թադևոսյանի այն հարցին, թե մահացած՝ Ս. Ցականյանը գիտե՞ր, որ նրանք ադրբեջանցիներ են, Ասկերովն ասաց, թե չեն ցանկացել, որ պատանին իմանա իրականում ովքեր են իրենք և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ կարող էր հայտնել պատկան մարմիններին։
Դատարանի հարցադրմամբ անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին՝ Ասկերովը հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրություններն ամբողջությամբ սուտ է համարել։
Մասնավորապես, Գուլիևը կրկին պնդել էր նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դ. Ասկերովին՝ նստած, իսկ նրա ինքնաձիգի փողը դեպի սպանված պատանին ուղղված դիրքում։
Նախորդող հրապարակումներ՝ Ադրբեջանցի դիվերսանտները Հասանովի վրա են բարդում Սմբատի սպանությունը
Ադրբեջանցի դիվերսանտները պնդել են, թե չգիտեին ԼՂՀ սահմանի գոյության մասին
Բաբայանը` դիվերսանտների գործի մասին. Որևէ արտաքին ճնշում չի ազդի դատի վրա