03/11/2014 19:42
Ղազախստանում անդրադարձել են ԵՏՄ-ին առնչվող սահմանադրական հարցերի
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահամանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ:
Եռօրյա այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարը մասնակցել է Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի կազմակերպած գործնական ճաշին: Հանդիպմանը կողմերը կարևորել են համագործակցության հետագա ամրապնդումը՝ Եվրասիական տնտեսական միության կազմում համատեղ շարունակական արդյունավետ աշխատանքի տեսանկյունից: Նախարարները ներկայացրել են նաև քրեակատարողական, հարկադիր կատարման և դատական փորձաքննությունների ոլորտում իրենց երկրների ունեցած փորձը:
Գործընկերները դատական փորձաքննությունների ազգային մարմինների միջև ամուր համագործակցության ձևաչափ ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել: