04/11/2014 15:43
Էներգետիկայի փոխնախարար. «Նաիրիտի» ճակատագիրը պարզ կլինի մեկ ամսից
«Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ վերջնական պարզաբանումներ կլինեն մեկ ամիս անց: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ նշելով, որ մեկ ամսից Կառավարությունն այս հարցով որոշում կկայացնի:
«Այս առումով պետք է համբերատար սպասենք: Ավելին ասել չեմ կարող»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով գործարանի աշխատակիցների աշխատավարձերին՝ Արա Սիմոնյանն ասաց, որ դրանք հիմնականում վճարվել են ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին.
«Հիմնականում էներգահամակարգի ընկերություններից են ներառվել, 100 տոկոսով Երևանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ Երևանի ՋԷԿ-ը և «Նաիրիտը» տեխնոլոգիապես անմիջականորեն կապված են իրար հետ, և մեկը մյուսի աշխատանքով շահագրգիռ է»,- ասաց փոխնախարարը: